Երևանի h. 198 ավագ դպրոցում մարտի 26-ին տեղի ունեցավ «eTwinningplus ծրագրին Հայաստանի միացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին «eTwinningplus» ծրագիրը, կատարված աշխատանքներն ու զարգացման հեռանկարները:

Ծրագրին մասնակից դպրոցների ներկայացուցիչներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, ով մասնավորապես նշեց. ««eTwinningplus»-ն ուղղակի ծրագիր չէ, այն Եվրոպական հարևանության քաղաքականության, այսինքն համընդհանուր պետական ծրագրի շրջանակում է և հանդիսանում է դրա բաղկացուցիչ մասը: Մեր դպրոցների ակտիվությունից և արդյունավետ աշխատանքից է նաև կախված մեր երկրին տրվող գնահատականը` Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում, որովետև այդ քաղաքականությունը ՀՀ գերակա ուղղություններից մեկն է: Համոզված եմ, որ վերոնշյալ ծրագիրն առաջին հերթին անհրաժեշտ է մեր դպրոցներին և երեխաներին, քանի որ այն հնարավորություն է տալիս շփվել եվրոպական երկրների դպրոցների հետ, փորձի փոխանակում իրականացնել, երեխաների մոտ զարգացնել շփումների ունակությունը, մեր մշակույթն ու կրթությունը ներկայացնել եվրոպական երկրներին, ինչպես նաև զարգացնել աշակերտների և ուսուցիչների կարողությունները` օտար լեզվի և ՏՀՏ օգտագործման ուղղությամբ» և հավելեց, որ «eTwinningplus»-ի շրջանակներում սկիզբ առած համագործակցությունն արդեն տալիս է իր առաջին պտուղները. ներկայումս Հայաստանի դպրոցներն արդեն մասնակցում են 7 ծրագրի։ Ըստ Արտակ Պողոսյանի` հետագայում նախատեսվում է ընդլայնել Հայաստանի դպրոցների և Եվրոպական կրթական տարածքի դպրոցների համագործակցությունը։

Ողջույնի խոսքից հետո Երևանի հ. 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը ներկայացրեց իր պատկերացումները eTwinningplus ծրագրում արդյունավետ մասնակցություն ապահովելու հարցում, կիսվեց կազմակերպչական և մեթոդական խորհուրդներով:

Աջակցող գործընկեր կազմակերպության ծրագրի համակարգող Վահե Երիցյանը ներկայացրեց eTwinningplus պորտալը, դրա հնարավորությունները, գործընկերների որոնման և նոր կապերի հաստատման ձևերն ու ուղիները և այլն: Ներկայացվեց նաև առայժմ փորձնական շահագործման փուլում գտնվող etwinningplus.armedu.am կայքը, որը տեղեկատվություն է պարունակում ծրագրի, Աջակցող գործակալության և իրականացված միջոցառումների մասին: