2017թ․ մայիսի 16-17-ը, Երևանում անցկացվեց Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի 5 ամյակին նվիրված ազգային համաժողով։ Համաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ, կրթության ոլորտի պետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում Իթվինինգպլյուս ծրագրի աջակցող գործակալություն հանդիսացող ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Կրթության և գիտության նախարար պ.-ն Լևոն Մկրտչյանը, ով շնորհակալություն հայտնեց ԵՄ գործընկերներին՝ այս ծրագրին ՀՀ դպրոցներին մասնակցության հնարավորություն տալու համար: Նախարարը կարևորեց էլեկտրոնային կրթության և Իթվինինգծրագրի դերը հատկապես փոքր և գյուղական դպրոցներում ժամանակակից կրթության հնարավորություններն օգտագործելու գործում: ՀՀ Կրթության և գիտության նախարարը շնորհակալագրեր է հանձնել մի շարք դպրոցների` Իթվինինգ ծրագրում հաջող և արժեքավոր համագործակցության համար:

Համաժողովի ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի և ծրագրի համակարգող Վահե Երիցյանի կողմից ներկայացվեց ծրագրի ընթացքը 2013-17թթ., հետագա զարգացման ուղղությունները և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման» ազգային ծրագիրը:

Համաժողովի բանախոսներից էին Լեհաստանի Իթվինինգ ծրագրի Աջակցման ծառայության համակարգող Պավել Չապլինսկին, ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Երևանի հ.198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը և այլն:

Ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ ծրագրի ընթացքի, ընձեռած հնարավորությունների և հնարավոր անելիքների մասին:

2013թ․ Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում հնարավորություն ստացավ միանալու Եվրոպական դպրոցների համագործակցության Իթվինինգ համայնքին։ Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005թ․, որպես Կոմենիուս ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայումս Էրազմուս+ ծրագրի մաս է։ Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել և գործում են աջակցման ծառայություններ։ Հայաստանում որպես աջակցող գործակալություն ընտրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։ Մինչ այժմ տարբեր փուլերում Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրով միասնական համայնքում ներառվել են Հայաստանի 150-ից ավելի դպրոց և շուրջ 700 ուսուցիչ: